հայ

Չրարտադրության ոլորտը Հայաստաում․ ամփոփ ակնարկ

Արտադրություն

Չրարտադրությունը Հայաստանում խիստ մասնատված է. գործում են մեծ թվով փոքր, չգրանցված արտադրություններ: Նկատվում է խոշոր արտադրությունների ձևավորման և արտադրության աճի միտում:

Չրերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունն ամբողջական չէ՝ պայմանավորված ոլորտում բազմաթիվ չգրանցված կազմակերպությունների առկայությամբ: Ըստ պաշտոնական վիճակագրության չրարտադրության ծավալը Հայաստանում 2017թ-ին կազմել է 55.9 տոննա։ Սակայն հաշվի առնելով արտահանման ցուցանիշները (2017 թ-ին այն կազմել է 126 տոննա), կարելի է պնդել, որ չրերի արտադրության ցուցանիշը էականորեն ցածր է իրական ցուցանիշից։ Մասնագետների գնահատմամբ վերջին տարիներին նկատվում է չրի արտադրության ծավալների աճ՝ հիմնականում պայմանավորված դոնոր կազմակերպությունների՝ գյուղական համայնքներին տրամադրված ֆինանսական, տեխնիկական և խորհրդատվական/ուսումնական աջակցությամբ:

Շուկայում գործում են 15-20 խոշոր (տարեկան 15-20 տոննայից ավել արտադրությամբ) ընկերություններ և անհատ ձեռներեցներ, որոնցից պատշաճ մակնշում և փաթեթավորում են ապահովում 5-10-ը: Վերջիններիս չիրն իրացվում է հիմնականում ցանցային և ոչ ցանցային խանութներում: Մեծաթիվ փոքր արտադրողներն իրենց ապրանքն իրացնում են հիմնականում մեծածախ վաճառքի կետերում վերավաճառողների միջոցով: Նկատվում է նաև խոշոր արտադրողների ավելացման միտում: Օրինակ՝ «Երևան Գարեջուր» ՓԲԸ-ն ներդրել է մեծածավալ չրարտադրության համար նախատեսված թունելային չորացման տեխնոլոգիաներ:

Չրարտադրությունը նոր թափ է առել հիմնականում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Շուրջ 70 արհեստական չորանոցները տրամադրվել են տարբեր բիզնեսի և գյուղատնտեսության աջակցման կազմակերպությունների կողմից (UMCOR, CARD, UNDP և ՓՄՁ ԶԱԿ) իրականացված ծրագրերի շրջանակներում: Մոտ 10 արհեստական չորանոց Հայաստան է ներմուծվել այլ ուղիներով: Արևային և բաց երկնքի տակ չորանոցների թիվը հասնում է մոտ 250-ի:

Հայաստանում արտադրվող հիմնական չրատեսակներն են ծիրանաչիրը, սև և կարմիր սալորաչիրը, դեղձի չիրը, վերջին տարիներին նաև՝ լոլիկի չիրը: Ծիրանաչիրը, սալորաչիրը և դեղձի չիրը միասին կազմում են Հայաստանի չրի արտադրության 75%-ը: Համեմատաբար տարածված է նաև խնձորի, արքայախնձորի, տանձի և թզի չրերի արտադրությունը: Սաղմնային փուլում է գտնվում բանջարաբոստանային կուլտուրաներից չրերի արտադրությունը՝ ձմերուկ, սեխ, սմբուկ, կանաչ լոբի։

Հայաստանում արտադրված չրերի կառուցվածքի գնահատականն ըստ մրգատեսակների, 2018թ․


Սպառում

Հայաստանում չրի սպառումը գտնվում է խոշոր սպառող երկրների համեմատ բարձր մակարդակի վրա:

Գոյություն ունի տարածված կարծիք, որ տնային պայմաններում պատրաստված չիրն ավելի անվտանգ է օգտագործման համար, քան ծծմբական թթվով և այլ նյութերով մշակված արտադրանքը: Այդ պատճառով, մեծաթիվ տնային տնտեսություններ հակված են չրի իրենց պահանջարկը բավարարել սեփական արտադրության շնորհիվ: Տնային պայմաններում պատրաստված չրի սպառումը հաշվի առնելու դեպքում՝ Հայաստանում մեկ շնչի հաշվով տարեկան սպառման ցուցանիշով ավելի մոտ կանգնած կլինի խոշոր սպառող երկրներին:

Ըստ չրարտադրության ոլորտի մասնագետների գնահատականի՝ Հայաստանի բնակչության 70% հանդիսանում է չրի մշտական սպառող: Հայաստանում չրի սպառումն աճում է հիմնականում ձմռան ամիսներին՝ թարմ մրգի առաջարկի նվազմանը զուգահեռ: Սպառման ծավալը իր գագաթնակետին է հասնում Ամանորյա և Սուրբ Զատիկի տոներին: Վերջին տարիներին աճող միտում ունի չրերի փոխարինումը ցուկատներով: Ցուկատը շաքարաջրով մշակված միրգ է, այն չրի համեմատ ավելի գրավիչ տեսք ունի և որոշ չափով ավելի մատչելի է:

Գծապատկեր 2. Ծիրանաչրի տարեկան սպառումը մեկ շնչի հաշվով, 2017թ., կգ*


Մրգի հասանելիություն

Ծիրանաչրի արտադրության ընդլայնման խոչընդոտներից է հումքի սակավությունը:

Մարտի վերջին և ապրիլի սկզբին տեղ գտած ցրտերի հետևանքով ծիրանի բերքը կարող է նշանակալի տատանումների ենթարկվել: Ծիրանի չրի արտադրությունը Հայաստանում գործնականում դադարում է անբարենպաստ տարիներին: Չնայած բարենպաստ եղանակային պայմանների դեպքում ծիրանի բերքի ծավալը կարող է տարեկան 100 հազար տոննան անցնել, դրա միայն փոքր մասն է (ըստ որոշ գնահատականների 3%) նախատեսված չրարտադրության համար: Չրարտադրության համար նախատեսված սորտերը (հիմնականում Սաթենի) ֆերմերների կողմից հաճախ աճեցվում են այլ սորտերի (հիմնականում՝ Երևանյան) փոշոտման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Դեղձի և սալորի դեպքում հումքի խնդիր չկա, ավելին դինամիկորեն աճում են սալորի այգետարածքները։

Դեղձի չրի արտադրության համար օգտագործվում են միջահաս և ուշահաս սորտեր, որոնց ջրի պարունակությունը համեմատաբար ցածր է: Հումքի առկայության խնդիր շուկայում չի նկատվում:

Սալորի այգիների և բերքի ծավալի աճը դրականորեն է ազդում սալորաչրի հումքի առաջարկի վրա: Տարեցտարի աճող առաջարկը հնարավորություն է տվել 2017թ.-ին չրարտադրության համար պիտանի սալոր մթերել 175-200 դրամ/կգ-ով:

Գծապատկեր 3. Ծիրանի այգիների տարածքն ու համախառն բերքը


Գծապատկեր 4. Դեղձի այգիների տարածքն ու համախառն բերքը


Գծապատկեր 5. Սալորի այգիների տարածքն ու համախառն բերքը




Չորացված մրգի արտադրության գործարար ուղեցույց

Սույն ուղեցույցը նպատակ ունի ծառայելու որպես գործնական ձեռնարկ գյուղական համայնքներում չրագործական արտադրամաս հիմնել ցանկացող ձեռներեցների համար:

Այն հնարավորություն կտա սկսնակ գործարարին պատկերացում կազմել չրի արտադրության հիմնական քայլերի, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, շուկա մուտքի, դիրքավորման և գնային քաղաքականության վերաբերյալ։

Ուղեցույցում որպես հիմք վերցված է ծիրանի, սալորի, դեղձի և խնձորի չրերի արտադրությունը, քանի որ վերջիններս շուկայում ամենատարածված չրատեսակներն են։

Մոդելը ենթադրում է հիմնադրման ծախսերի ֆինանսավորման նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագիր շրջանակում տրամադրվող աջակցման մեխանիզմների օգտագործման հնարավորությունը:

Հարկ է նշել, որ ուղեցույցում բերված է բիզնես մոդելի տիպային օրինակ, որը պետք է համապատասխանեցվի յուրաքանչյուր կոնկրետ բիզնես նախագծի առանձնահատկություններին։ Ուղեցույցին կից ներկայացվում է նաև տիպային չրի արտադրության ֆինանսական մոդել MS Excel ֆորմատով, որի օգնությամբ սկսնակ գործարարը մի քանի հիմնական պարամետրերի փոփոխությամբ կարող է կատարել սեփական բիզնես ծրագրի ֆինանսական հաշվարկները։

Սույն ուղեցույցը մշակվել է ԱՄՆՄԶԳ-ի ֆինանսավորմամբ համատեղ իրականացվող «Գործընկերություն՝ հանունգյուղականհամայնքների բարգավաճման» (PRP)ծրագրի շրջանակում«Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։

Տիպային բիզնեսի հիմնական պարամետրեր


Որպես տիպային օրինակ է դիտարկվել սկզբնական տարեկան մոտ 5 տոննա հզորությամբ չրի արտադրություն, որը տասը տարվա ընթացքում հասնում է 25 տոննա հզորության: Իրագործելության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ավելի փոքր մասշտաբով արտադրության հիմնումը տնտեսապես շահավետ չէ և ունի ներդրումների հետգնման երկար ժամանակահատված։ Մոդելը կառուցված է հետևյալ հիմնական ենթադրությունների հիման վրա՝

• Բիզնեսը գործելու է ՍՊԸ կամ անհատ ձեռնարկատեր կազմակերպաիրավական ձևով:Հաշվի առնելով, որ նման արտադրության ծավալների դեպքում տարեկան շրջանառությունը չի գերազանցի 58.35 մլն դրամը, այն գործելու է շրջանառության հարկի դաշտում։

• Արտադրական ծավալները աճելու են տարեկան 20%-ով:

• Արտադրության համար օգտագործվելու են արևային կամ արհեստական չրանոցներ, որոնց թիվը, արտադրական ծավալների նախատեսված աճի ապահովման նպատակով, տասը տարվա ընթացքում հասնելու է համապատասխանաբար 6-ի և 5-ի:

• Արտադրության կազմակերպման համապատասխան տարածքի առկայություն, որը վերանորոգման արդյունքում կապահովի պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները:

• Արտադրամասը զինված է լինելու չրագործության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով (ներառյալ սառնարանային պահեստ):

• Չրի արտադրությունն իրականացվում է հուլիսից-հոկտեմբեր ամիսներին։

• Ենթադրվում է, որ գործունեությունը ֆինանսավորվում է ձեռներեցի և ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային գծի հաշվին։

• Արտադրանքը վաճառվում է մեծածախ գնորդի, ինչի հետևանքով փաթեթավորման, մարքեթինգային և վաճառքների գծով ծախսեր չեն նախատեսվել:

• Արտադրվելու է միայն ծիրանի, սալորի, դեղձի և խնձորի չիր:

Արտադրական տարածքի, արտադրության ծավալների և աշխատակազմի վերաբերյալ առավել մանրամասն տվյալների կարող ես ծանոթանալ գործարար ուղեցույցում:

Հիմնադրման ծախսեր և ֆինանսավորում

ՀՀ օրենսդրությամբ չրի արտադրության տեխնիկական կանոնակարգ սահմանված չէ: Հետևաբար, չրերը ենթակա չեն նաև համապատասխանության պարտադիր հավաստման: Այնուամենայնիվ, այս ուղեցույցով ենթադրվում է, որ արտադրությունը պատշաճ կերպով պահպանում է հիգիենայի կանոնները, ինչպես նաև պահպանում Եվրահանձնաժողովի թիվ 1129/2011 կանոնակարգով սահմանված չրերում հավելանյութերի առավելագույն թույլատրելի արժեքները։ Չորացված միրգ ու բանջարեղեն արտադրողների համար պատշաճ արտադրական պրակտիկայի և պատշաճ հիգիենայի պրակտիկայի կիրառման ձեռնարկը կարող ես ներբեռնելայստեղ։

Հիմնադրման ծախսեր

Անհատ ձեռներեց գրանցելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 12,000 դրամ գրանցման պետական տուրքի և նույնականացման քարտ ու սարք ձեռք բերելու նպատակով։

ՍՊԸ գրանցելու ընդհանուր գումարը կազմում է 33,000-38,000 դրամ՝ ներառյալ կնիքի ձեռքբերման ծախսը։

Ծախսերի մանրամասները, ինչպես նաև գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված են գործարար ուղեցույցում և Գրանցիր քո բիզնեսը բաժնում։

Կապիտալ ծախսեր

Այս բիզնես մոդելում ենթադրվում է, որ ձեռներեցն ունի համապատասխան արտադրական տարածք, և որպես կապիտալ ծախս հաշվարկվել է միայն վերանորոգման և արտադրական սարքավորումների ձեռքբերման ծախսերը։

250քմ տարածքով շենքի վերանորոգման ծախսը հաշվարկվել է մոտ կես մլն դրամ և արտադրական, պահպանության և փաթեթավորման սարքավորումների ձեռքբերման ծախսը՝ 6.5մլն դրամ։

Չրարտադրության համար անհրաժեշտ արտադրական տարածքի և սարքավորումների ցանկ


Ներդրումային ծախսերի ամբողջական ցուցակը ներկայացված է գործարար ուղեցույցում։

Չրագործական տնտեսության գործունեության 2-րդից 10-րդ տարիների ընթացքում նախատեսվում է արտադրական ծավալների աճ, ինչը պահանջում է չրանոցների թվի ավելացում: Կարևոր է նշել, որ հավելյալ չրանոցների գծով ներդրումների ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու բիզնեսի գործունեության արդյունքում կուտակված դրամական միջոցները: 10-րդ տարվա վերջում տնտեսությունը կունենա 6 արևային կամ 5 արհեստական չրանոց` կախված չրանոցի ընտրությունից:

Չրանոցների ձեռքբերման գծով ներդրումային ծախսերի ամբողջական ցուցակը ներկայացված է գործարար ուղեցույցում։

Մաշվածք

Արտադրության համար օգտագործվող շենքը և սարքավորումները մաշվածության արդյունքում ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը: Այս հանգամանքը պետք է արտացոլվի ընկերության ֆինանսական հաշվետվություններում՝ բիզնեսի իրական եկամտաբերությունը ցուցադրելու համար:

ոյություն ունեն մաշվածքի հաշվարկման տարբեր մոտեցումներ: Դրանցից ամենատարածվածը մաշվածքի հավասարաչափ բաշխվածության մեթոդն է: Նշված մեթոդի կիրառության պարագայում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը կհաշվարկվի հետևյալ բանաձևով.

հաշվեկշռային արժեք =նախորդ տարվա հաշվեկշռային արժեք –

– (հաշվեկշռային արժեք սկզբնական արժեք X տարեկան մաշվածքի տոկոսադրույք)

Կիրառված մաշվածքի հավասարաչափ բաշխվածության մեթոդի դեպքում մաշվածքի տարեկան տոկոսադրույքը պայմանավորված է հիմնական միջոցի օգտագործման ժամկետով և հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Տարեկան մաշվածքի տոկոսադրույք = 100% ÷ (օգտագործման տարիների թիվ)

Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, ընդունված 1997թ.-ի սեպտեմբերի 30-ին) արտադրական նպատակով օգտագործվող շենքերի և շինությունների օգտագործման նվազագույն ժամկետը 20 տարի է, սարքավորումներինը՝ 5 տարի: Սույն տիպային մոդելի դեպքում շենքի և սարքավորումների օգտագործման տարիների թիվը սահմանվել է որպես 20 տարի և 10 տարի համապատասխանաբար, հետևաբար, մաշվածքի տարեկան տոկոսադրույքը հավասար է 5% և 10%:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ տարեկան մաշվածքը համարվում է ընթացիկ ժամանակաշրջանի ծախս և հանվում տարեկան հասույթից՝ նվազեցնելով զուտ շահույթը:

Շրջանառու միջոցներ

Շրջանառու միջոցների կարիքը ձևավորվում է չրի պատրաստման այն ուղղակի ծախսերի հաշվին (թարմ մրգի, էներգիայի, աշխատուժի և այլն), որոնք դրամական միջոցների մուտք չեն ապահովել դեռևս վաճառված չլինելու կամ վճարման հետաձգման պատճառով:

Շրջանառու միջոցների կարիքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Շրջանառու միջոցներ


Մինչև իրացումը պահեստում պահելու օրերի քանակ x չրի ինքնարժեք

Գնորդի կողմից վճարումների հետաձգման օրերի քանակ x չրի ինքնարժեք

Չրի արտադրությունը տեղի է ունենում հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում, մինչդեռ վաճառքը սկսվում է սեպտեմբեր ամսից և իր գագաթնակետին հասնում դեկտեմբերին: Հետևաբար, արտադրողը պետք է նախատեսի զգալի դրամական միջոցներ՝ շրջանառու կապիտալ, որպեսզի վաճառքներից դրամական մուտքերի բացակայության պայմաններում կարողանա ֆինանսավորել ամբողջ տարվա արտադրությունը: Այլ կերպ ասած, անխափան արտադրություն ապահովելու համար, բիզնեսը յուրաքանչյուր տարվա հունիսի վերջի դրությամբ պետք է տիրապետի ամբողջ տարվա արտադրության ինքնարժեքին համարժեք դրամական միջոցների: Շրջանառու միջոցների կարիքը հնարավոր է նվազեցնել ի հաշիվ գնված մրգի գծով վճարումների հետաձգման, սակայն տիպային մոդելով նախատեսված է հումքի համար վճարում առաքման պահին:

Ֆինանսավորում

Արևային չրանոցներ օգտագործելու դեպքում հիմնադրման տարում ֆինանսավորման ընդհանուր կարիքը կազմում է շուրջ 15 մլն ՀՀ դրամ, որից 7 մլն. ՀՀ դրամը հիմնադրման և կապիտալ ծախսերի համար։ Մնացած 8 մլն դրամը անհրաժեշտ է որպես շրջանառու կապիտալ՝ հնարավորություն տալով ֆինանսավորել առաջին տարվա արտադրանքի ինքնարժեքը և ապահովել բավարար շրջանառու միջոցների մակարդակ հաջորդող տարիների համար:

Արհեստական չրանոցների օգտագործման պարագայում հիմնադրման տարում ներդրումային ծախսերը կազմում են 17 մլն ՀՀ դրամ, որից 7.5 մլն ՀՀ դրամ՝ կապիտալ ծախսեր, 9.5 մլն ՀՀ դրամ՝ շրջանառու կապիտալ:

Որպես ֆինանսավորման աղբյուր են դիտարկվում ձեռներեցի սեփական միջոցները և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցման մեխանիզմների օգտագործման հնարավորությունը։

Բիզնեսի համար կարող է հասանելի լինել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող 5 մլն ՀՀ դրամի վարկը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, 5 տարի մարման ժամկետով և 10% մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույքով: Գործում է նաև վարկի մարման արտոնյալ ժամանակահատված. մարման վճարումները հնարավոր է սկսել վարկի տրամադրումից ամենաուշը 6 ամիս հետո:

Նկատի ունենալով ֆինանսավորման աջակցության հնարավորությունը՝ էականորեն նվազում է արտադրողից պահանջվող սեփական միջոցների ներդրումը, որը կազմելու է շուրջ 10 մլն ՀՀ դրամ և 12 մլն ՀՀ դրամ համապատասխանաբար՝ կախված ներդրվող արտադրական տեխնոլոգիայից:

Բիզնեսի ֆինանսավորման կառուցվածքն ամբողջությամբ բերված է գործարար ուղեցույցում:

Չրի ինքնարժեքի հաշվարկ

Ենթադրվում է, որ բիզնեսը չունի մրգի սեփական արտադրություն և հումքը ձեռք է բերում ֆերմերային տնտեսություններից 1 կգ չիր ստանալու համար անհրաժեշտ նշված մրգի զանգվածով․


Չրի ինքնարժեքը արհեստական և արևային չրանոցներով արտադրությունների դեպքում տարբեր է: Արհեստական չրանոցների դեպքում ավելանում են էլեկտրաէներգիայի գծով ծախսերը, սակայն, միաժամանակ նվազում են 1 կգ չրի հաշվով աշխատուժի ծախսերը՝ ի հաշվի արհեստական չրանոցների բարձր արտադրողականության:

Չրի ինքնարժեքի շուրջ 40-45%-ը կազմում է հումքի ձեռքբերման ծախսը (բացառություն է դեղձի չիրը՝ 60-65%): Հետևաբար, մրգերի գների տատանումները էապես ազդում են վերջնական ապրանքի ինքնարժեքի վրա բարձրացնելով բիզնեսի ռիսկայնությունը:

Ինքնարժեքի հաշվարկում հումքից հետո ամենամեծ կշիռն ունի աշխատուժի ծախսը:

Մոդելը ենթադրում է, որ արտադրությունը հիմնվելու է չրագործի կողմից, որն էլ իրականացնելու է բիզնեսի կառավարումը: Վաճառքների գծով աշխատակազմ նախատեսված չէ, քանի որ ենթադրվում է, որ ամբողջ ապրանքը վաճառվելու է մեծածախ գնորդին: Հաշվապահությունն արտապատվիրվելու է:

Չրագործի տարեկան հաշվարկային աշխատավարձը կկազմի 1,200,000 ՀՀ դրամ: Հաշվապահական ծառայությունների դիմաց տարեկան վճարը կկազմի 90,000 ՀՀ դրամ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համեմատաբար ծավալուն աշխատանք հաշվապահը իրականացնելու է միայն արտադրական 3 ամիսների ընթացքում:

Արտադրական շրջանում (հուլիս-սեպտեմբեր) ներգրավվելու են թվով 4 սեզոնային աշխատակիցներ, որոնց օրական աշխատավարձի դրույքը հաշվարկվել է 5,000 ՀՀ դրամ: Սեզոնային աշխատակիցների պարտականություններն են՝

· մրգի մթերում,

· մրգի լվացում,

· մրգի տեսակավորում,

· մրգի նախապատրաստում չորացման (կորիզահանում, կլեպահանում, կտրատում),

· մրգի մշակում ծծմբի երկօքսիդով,

· չրի փաթեթավորում և պահեստավորում։

Սեզոնային աշխատակիցների պարտականությունների մեջ մտնելու է նաև տարածքի մաքրության ապահովումը՝ համապատասխան արտադրության պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ կիրառվող պահանջների։

Արևային և արհեստական չորանոցներով 1 կգ չրի հաշվով ծախսերի կառուցվածքը, ինչպես նաև արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ հաստիքների ցանկն ու համապատասխան աշխատավարձերը ներկայացված են գործարար ուղեցույցում։

Հարկեր

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ընդունված 2018թ-ի հունվարի 7-ին) արտադրական գործունեությունից եկամուտները հարկվում են 3.5% դրույքաչափով այն դեպքում, երբ նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 58.35 մլն դրամը:Հետևաբար, տվյալ տիպային մոդելի շրջանակում կիրառվում է շրջանառության հարկ, որը կազմում է իրացումից հասույթի 3.5%:

Շրջանառությանհարկովհարկվող գործունեության տեսակների մասովհարկվճարողները (տվյալ դեպքում՝ անհատ ձեռնարկատերը կամ ՍՊԸ-ի սեփականատերը)եկամտայինհարկը հաշվարկում և վճարում են ամսական 5,000 դրամի չափով:

Եկամտային հարկի հաշվառման ամսական դրույքաչափերը ներկայացված են գործարար ուղեցույցում։


ԲՐԵՆԴԻՆԳ, ԱՌԱՋՄՂՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ապրանքի վաճառքը/մարքեթինգը ներառում է 4 հիմնական բաղադրիչի վերաբերյալ որոշումների համադրություն: Անհրաժեշտ է համակարգված որոշումներ կայացնել արտադրվող ապրանքի, դրա գնի, վաճառքի վայրի և առաջմղման միջոցների վերաբերյալ: Յուրաքանչյուր բաղադրիչին վերաբերող գործողությունները փոխկապակցված են և պետք է համահունչ լինեն մյուս բաղադրիչների գծով գործողություններին: Օրինակ՝ օրգանական չիր արտադրելու դեպքում օգտակար կլինի որպես վաճառքի վայր ընտրել սուպերմարկետը, բրենդավորել ապրանքը և առաջադրել համեմատաբար բարձր գին: Յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում համակարգված մոտեցում պահանջող հիմնական կետերը ներկայացված են Աղյուսակ 12-ում:

Մարքեթինգային քաղաքականություն


Հայաստանյան շուկայում կարելի է առանձնացնել ներկայումս ձևավորված չրերի 5 շուկայական սեգմենտ՝

· Չփաթեթավորված չրեր (տեղական կամ ներմուծված) – վաճառվում են մանրամեծածախ վաճառքի կետերում և ցանցային ու ոչ ցանցային խանութներում: Միջին գները, կախված չրի որակից, տատանվում են 3,000-4,000 դրամի սահմաններում: Առանձին դեպքերում, կախված չրի որակից և սպառման ուղուց, այս սեգմենտի գները կարող են հասնել մինչև 6,000 դրամ/կգ-ի: Ապրանքը չունի փաթեթավորում և բրենդավորված չէ:

· Հասարակ փաթեթավորումով չրեր – հասարակ փաթեթավորման տակ պետք է համեմատաբար ոչ կոշտ, ոչ հերմետիկ, պարզ և ստանդարտ դիզայնով տարաները (օրինակ՝ PET հումքով երկփեղկ տարաները): Գները տատանվում են 3,500-4,500 դրամի սահմաններում: Պատշաճ մակնշումը միշտ չէ որ ապահովված է: Որպես բրենդ օգտագործվում է չրատեսակի անվանում, օրինակ՝ «Ծիրանի չիր», «Սալորի չիր» և այլն:

· Վակումային փաթեթավորումով կամ արժեքավոր տարայով չրեր - վակումային փաթեթավորումը երկարացնում է չրի պահպանման ժամկետը և բարձրացնում ապրանքի որակը: Արժեքավոր տարան պատրաստված է համեմատաբար թանկ հումքով (օրինակ՝ փայտ) կամ դիզայներական լուծմամբ (օրինակ՝ յուրահատուկ լուծումներով որակյալ ստվարաթղթից փաթեթ, ստվարաթղթե վերնամասով պոլիեթիլենային տոպրակներ և այլն): Փաթեթավորումը այս դեպքում ստեղծում է հավելյալ արժեք, ինչի հետևանքով ապրաքնի գները կարող են հասնել 5,000-8,000 դրամի: Այս սեգմենտում ապահովվում է պատշաճ մակնշումը, իսկ ապրանքների մեծ մասը նաև բրենդավորված է:

· Տեղական օրգանիկ չրեր – այս սեգմենտում գործում են «Հոլանի», «Չիր», «Սանգուդզ» ընկերությունները: Փաթեթների դիմային մասում առկա է լինում օրգանական ծագման մասին գրառումը: Կախված չրատեսակից՝ 1 կգ օրգանիկ չրի գինը տատանվում է 6,000-8,000 դրամի սահմաններում:

· Ներմուծված բրենդային չրեր - Գնային բարձր սեգմենտում են գտնվում նաև ներմուծված բրենդավորված չրերը՝ 7,000-9,000 դրամ: Համեմատաբար մեծ տարածում ունի գերմանական «Seeberger» բրենդը:

Փաթեթավորված չրերի շուկան բավականին հագեցած է: Որոշ համեմատաբար հայտնի բրենդերի տարեկան վաճառքները չեն գերազանցում 2 տոննան: Միաժամանակ, ներդրումներն արդարացնելու համար, բիզնեսը պետք է կարողանա տարեկան 4-5 տոննայից ավել վաճառք ապահովել: Հետևաբար, փաթեթավորված չրի շուկա մուտքը տնտեսապես շահավետ կլինի միայն շուկայի զգալի մասնաբաժնի գրավման դեպքում:

Ելնելով վերոնշյալից, իրացման ռիսկերի ընդունելի մակարդակ պահպանելու համար, այս մոդելի շրջանակներում արտադրողներին խորհուրդ է տրվում իրականացնել չրի վաճառք մեծածախ վաճառողներին: Մեծածախ վաճառքի գները և պահանջարկը համեմատաբար կայուն են:

Իմացեք ավելին վաճառքների խթանման և մարքեթինգի վերաբերյալ Վաճաքներ և մարքեթինգ բաժնում։

Ֆինանսական արդյունքների վերլուծություն

Անկախ չրանոցի տեսակի ընտրությունից, մոդելը նախատեսում է, որ բիզնեսի տարեկան վաճառքը տասը տարվա ընթացքում մոտ 12 մլն դրամից կհասնի 55 մլն ՀՀ դրամի:

Գործառնական շահույթը ցույց է տալիս ապրանքի վաճառքից հասույթի և դրա ինքնարժեքի ու բիզնեսի գործառնական ծախսերի տարբերությունը: Գործառնական շահույթը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Գործառնական շահույթ = Վաճառքից հասույթ – արտադրանքի ինքնարժեք – գործառնական ծախսեր, որտեղ՝

Վաճառքից հասույթ – արտադրանքի վաճառքից ստացված կանխիկի և գնորդի կողմից պարտք մնացած գումարի հանրագումար

Արտադրանքի ինքնարժեք – վաճառված ապրանքի արտադրության գծով ծախսեր, օրինակ՝ հումք, արտադրական աշխատուժ, էլեկտրաէներգիա և այլ ուղղակի արտադրական ծախսեր

Գործառնական ծախսեր – գործունեության կազմակերպման հետ կապված այլ ծախսեր, օրինակ՝ տրանսպորտային ծախսեր, վարչական աշխատակազմի (ներառյալ սեփականատիրոջ աշխատավարձը, բայց ոչ բիզնեսից ստացված շահույթը) աշխատավարձ, պահպանման ծախսեր:

Համախառն շահույթը վաճառքներից հասույթի ու վաճառված արտադրանքի ինքնարժեքի տարբերությունն է: Համախառն շահույթի մարժան համախառն շահույթի և վաճառքներից հասույթի հարաբերությունն է: Ընդհանուր առմամբ, փոքր և միջին չափի չրարտադրության (առնվազն 5 տոննա տարեկան արտադրությամբ) ոլորտում համախառն շահույթի մարժայի բավարար մակարդակ կարելի է համարել 30%-40% միջակայքը (EV գնահատական): Համախառն շահույթի մակարդակը պետք է բավարար լինի ապահովելու գործառնական ծախսերի ծածկման և զուտ շահույթի ստացման համար։ Գործառնական շահույթի մարժան ցույց է տալիս գործառնական շահույթի հարաբերությունը վաճառքներից հասույթին: Այս ցուցանիշը հնարավորություն է տալիս հասկանալ, թե բիզնեսը վաճառքի յուրաքանչյուր դրամական միավորից որքան շահույթ է ստանում (մինչև հարկային նվազեցումները, ամորտիզացիոն մասհանումները և վարկի մարումները): Բնական է, որ գործառնական շահույթի մարժայի բարձր մակարդակը բիզնեսի գրավչության նշան է: Ընդհանուր առմամբ, չրարտադրության ոլորտում գործառնական շահույթի մարժայի բավարար մակարդակ կարելի է համարել 10%-15% միջակայքը (EV գնահատական):

Այս մոդելում գործառնական շահույթի մակարդակի նորմայից բարձր լինելը պայմանավորված է մեծածախ գնորդներին վաճառող արտադրություններին բնորոշ տրանսպորտային ցածր ծախսերով և մարքեթինգային ծախսերի բացակայությամբ:

Գործառնական շահույթի մարժայի ցածր լինելու պատճառներ կարող են լինել բարձր վարչական և վաճառքի մեծ ծախսերը։ Որպես կանոն դրանք պայմանավորված են լինում փոքր արտադրություն ծավալներով, ինչպես նաև կառավարման և անարդյունավետ վաճառքի համակարգով։

Զուտ շահույթը հաշվելու համար անհրաժեշտ է հասույթից նվազեցնել ոչ միայն վաճառված արտադրանքի ինքնարժեքը և գործառնական ծախսերը, այլ նաև մաշվածքը, վարկի մարումները և հարկերը: Զուտ շահույթը այն գումարն է, որը տարվա վերջում կարող է բաշխվել բիզնեսի սեփականատերերի միջև: Զուտ շահույթի մեծությունն էականորեն կախված է ներդրումների ֆինանսավորման կառուցվածքից։ Ինչքան մեծ է ներգրավված վարկային միջոցների կշիռը, այնքան ավելի փոքր է լինում զուտ շահույթի մարժան։ Զուտ շահույթի ցածր մակարդակի պատճառ կարող է լինել նաև հիմնական միջոցների արժեքը։ Նոր գնված, թանկարժեք սարքավորումների մաշվածքն ավելի մեծ արժեքով է հանվում գործառնական շահույթից։

Չոր մրգի արտադրության տիպային օրինակի վրա գնահատված հիմնական ցուցանիշները


Ինչպես նշվել էր՝ յուրաքանչյուր տարվա հունիսի դրությամբ արտադրությունը պետք է բավարար դրամական միջոցներ ունենա ամբողջ տարվա արտադրության ինքնարժեքի ծախսերը բավարարելու համար: Հետևաբար, ձեռներեցը կկարողանա բիզնեսից կատարել շահաբաժնային վճարումներ յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ կուտակված դրամական միջոցների և հաջորդ տարվա արտադրանքի ինքնարժեքի տարբերության չափով:

Արևային չրանոցի դեպքում բիզնեսի մեջ ներդրված 19.5 մլն ՀՀ դրամի (ներառված շենքն ու հողատարածքը, որի համար կանխիկ դրամի ներդրում չի նախատեսվում) հետգնման ժամանակահատվածը կկազմի 3.3 տարի, իսկ արհեստական չրանոցի դեպքում ներդրված 19.5 մլն ՀՀ դրամի հետգնման ժամանակահատվածը՝ 4 տարի:

Ֆինանսական հաշվետվություններն ամբողջությամբ ներկայացված են գործարար ուղեցույցում։


Չոր մրգի արտադրական տեխնոլոգիա

1․ Չորացրած պտուղ-բանջարեղենի արտադրության պրոցեսի տեխնոլոգիական նկարագիր (BSC),տեխնոլոգիական ուղեցույց

2․ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ օրենսդրությամբ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմեր և կանոններ, տնտեսվարողի ուղեցույց(http://snund.am/wp-content/uploads/2018/07/tntes_ughecuyc.pdf)

Ուսուցողական նյութեր

1․ Պատշաճ արտադրական գործելակերպ և հիգիենա, վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր, համառոտ ուղեցույց

2․Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ PowerPoint ներկայացում

Հաջողության պատմություններ

1. Չրերի ապրանքանշում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում

Երկրի հյուսիսում տեղակայված փոքրիկ ձեռնարկությունը հասել է՝ գործառնական ծավալի 20 անգամ ավելացման և Ռուսաստան ու Իսպանիա իրենց չրերի արտահանման՝ շնորհիվ մասնակցությանը Հայկական OVOP շարժմանը։

Տարածաշրջանը ճանաչված է որպես մրգերի արտադրության հայտնի բարեբեր տարածաշրջաններից մեկը։ Երիտասարդ անհատ ֆերմերները սկսեցին համագործակցել չրեր արտադրելու համար և հիմնեցին ընկերություն՝ «ԲագՖրութ» անվանումով․․․

2. Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի չիր արտադրողների գործառնական բարելավում

a. OVOP մեթոդների կիրառման շնորհիվ Մեղրու 20 չիր արտադրող բարձրացրել է իրենց վաճառքի գները, իսկ նրանցից 13-ը` ավելացրել արտադրության ծավալները։

Մեղրին գտնվում է Հայաստանի ամենահարավային կետում՝ Իրանի սահմանին։ Այն հայտնի է որպես Հայաստանի ամենաշոգ վայրը։ Շրջապատող տարածքը չոր է, սակայն քաղաքը և դրա դաշտերը փարթամ կանաչ են՝ շնորհիվ Մեղրի գետի առատ ջրերի ․․․

3. Չիր արտադրողների գործառնության բարելավում Արմավիրի մարզում

a. Արմավիրի մարզի 10 չիր արտադրող սովորել է պատշաճ հմտություններով արտադրել բարձ որակի չիր։

b. Արմավիրի մարզը հայտնի է իր ընդարձակ ու հարթ բերրի հողերով և ճանաչված է որպես Հայաստանի չրերի արտադրության ամենամեծ տարածքներից մեկը։ Նիդերլանդներից ժամանած միջազգային փորձագետը Հայկական OVOP շարժման հետ համակարգված` տեխնիկական խորհրդատվություն է տրամադրել չիր արտադրողներին ․․․

4. Սյունակ – բիզնես սկսելու պատճառը «նաիրյան Չրեր»

a. Հայկական OVOP մասնակիցներից մեկը՝ «Նաիրյան չրերը», հաջող կերպով զարգացրել է իր բիզնեսը։ Այժմ այն պայմանագրեր ունի Երևանի մեծ սուպերմարկետների և հյուրանոցների հետ՝ Հայկական OVOPհայեցակարգի վրա հիմնված շուկայավարման մեթոդների ներկայացումից հետո․․․

Օգտակար հղումներ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) - http://card.am

Եվրոպական հարևանության ծրագիր գյուղատնտեսության և գյուղական զարգացման համար (ENPARD) - https://www.facebook.com/ENPARDArmenia/

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (OASI) - https://www.facebook.com/pg/oasiarmenia/

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ - https://www.facebook.com/Գյուղատնտեսության-Զարգացման-Հիմնադրամ-502240783494478/

Էկոգլոբ Օրգանական սերտիֆիկացման մարմին - http://ecoglobe.com/

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն - http://snund.am

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն - http://minagro.am/